21-րդ դարի փոփոխական աշխարհում պարբերաբար ի հայտ են գալիս արհեստական բանականության նոր համակարգեր։ Ինչպես տեսնում ենք, ԱԲ-ն ակտիվ զարգանում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լեզվաբանությունը, թարգմանչությունը, հաղորդակցությունը, մարքեթինգը և այլն։ Ուսանողների և նորավարտ մասնագետների մոտ ստեղծվել է տպավորություն, որ ԱԲ-ն եկել է փոխարինելու բոլորին, սակայն աշխատաշուկայի պահանջները այլ պատկեր են ցույց տալիս։
Այո՛, ԱԲ-ի ի հայտ գալու հետ մեկտեղ ժամանակակից մասնագիտությունները փոփոխվում են, և ձևավորվում են ԱԲ-ով աշխատող նոր մասնագիտական դերեր՝ ավելի արագ, արդյունավետ և նորարար։ Արդեն այսօր հասարակությունն ունի թվային մարքեթինգի և հանրային կապերի մասնագետների կարիքը, որոնց աշխատանքային առօրյան անհնար է պատկերացնել առանց տարատեսակ ԱԲ-ների կիրառության։ ԱԲ-ն շարունակում է թափանցել տարբեր ոլորտներ՝ ոչ թե բոլորին փոխարինելու, այլ նոր հնարավորություններ ստեղծելու համար՝ ճանապարհ բացելով դեպի նոր տեխնոլոգիական փուլ։
Դիցուք՝ LLM - ներում (Large Language Models), այսինքն՝ ԱԲ լեզվային մոդելներում (Chat GPT, Claude և այլն), հայերենը դեռ սահմանափակ է, քանի որ դրանք ձևավորող տվյալների բազաները քիչ են: Ահա թե որտեղ կարող է լեզվաբանությունը մեծ դեր խաղալ ԱԲ-ի դարաշրջանում՝ արդեն որպես հաշվողական լեզվաբանություն։ Աշխատելով հայերեն տվյալների զարգացման վրա՝ լեզվաբանները, թարգմանիչներն ու բանասերները կարող են իրենց կարիերան զարգացնել ամբողջովին նոր ուղղությամբ։ Ներկայիս հայ հասարակությանը հարկավոր են հաշվողական լեզվաբանության ակադեմիական կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում ուսանողները ոչ միայն կուսումնասիրեն լեզվի համակարգի ու կառուցվածքի առանձնահատկությունները և հիմնական լեզվաբանական հասկացություններն ու տեսությունները, այլ նաև ԱԲ գործիքների կիրառությունը լեզվաբանության մեջ, ԱԲ-ի հետ հաղորդակցությունը և տեքստային տվյալների վերլուծությունը։
Թեև ԱԲ-ի դասավանդումն արդեն իրականացվում է տարատեսակ կարճաժամկետ կրթական ծրագրերի միջոցով, այն պետք է ներառվի նաև ՀՀ ԲՈւՀ-երի ակադեմիական ծրագրերում՝ որպես պարտադիր առարկա։ Այդպիսով տարբեր մասնագիտացում ստացող ուսանողները հետ չեն ընկնի աշխատաշուկայում տիրող մրցակցությունից։
Ամփոփելով՝ ԱԲ-ն քեզ չի փոխարինի, բայց քեզ կարող է փոխարինել այն մասնագետը, ով ավելի լավ է տիրապետում ԱԲ-ին և ժամանակին գիտակցել է դրա կարևորությունը իր կարիերայում։ ԱԲ-ն շարունակելու է փոխել աշխարհը, մարդկանց կյանքը և իրականությունը։ Մենք կանգնած ենք տեխնոլոգիական հեղաշրջման շեմին, որտեղ ԱԲ-ն դեռ միայն սկիզբն է։
Հեղինակ՝ Մարի Մեսրոպյան