Լրագրության ոլորտ մուտք գործող երիտասարդ մասնագետները հաճախ բախվում են իրականության, որը էականորեն տարբերվում է համալսարանական լսարաններում ստացած պատկերացումներից։ Աշխատաշուկան նրանց համար պատրաստում է բազմաթիվ անակնկալներ՝ սկսած մասնագիտական գիտելիքների և գործնական պահանջների անհամապատասխանությունից մինչև խմբագրական ճնշումներ և հանրային անվստահություն։
Ա1+-ի լրագրող Սոֆի Մկրտչյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրներից մեկը լրագրողական կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև առկա խզումն է։
«Ակադեմիական կրթության ընթացքում ստեղծված որոշ արհեստական սահմաններ իրական կյանքում չեն գործում, և հենց այդ պատճառով շատ նորավարտներ դժվարությամբ են հարմարվում տարբեր լրատվամիջոցների աշխատանքային մշակույթին»,- նշում է նա։
Ըստ Մկրտչյանի՝ բազմաթիվ երիտասարդ լրագրողներ աշխատաշուկա են մտնում մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածությամբ։ Նրանք հաճախ բավարար պատկերացում չունեն լրագրողական ժանրերի բազմազանության մասին՝ սահմանափակվելով միայն տեղեկատվական լուրերի պատրաստմամբ։
«Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ լրագրողը տեղյակ չէ նկարագրողական կամ համեմատական նյութերի, ինչպես նաև վերլուծական հոդվածների առանձնահատկություններին։ Արդյունքում նրա պատրաստած նյութը վերածվում է փաստերի մեխանիկական շարադրանքի՝ առանց խորքային վերլուծության և համատեքստի»,- ասում է լրագրողը։
Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի բուհերում գործող լրագրողական կրթական ծրագրերի զգալի մասը ժամանակակից մեդիա միջավայրի պահանջներին համահունչ չէ։ Գործնական առաջադրանքները հաճախ չեն թարմացվում, ինչի հետևանքով առաջանում է անհամապատասխանություն ուսանողների ձեռք բերած գիտելիքների և գործատուների ակնկալիքների միջև։
Միևնույն ժամանակ, բուհերը տարբեր մոտեցումներ ունեն գործնական հմտությունների ձևավորման հարցում։ Օրինակ՝ Երևանի պետական համալսարանում լրագրության բաժնի ուսանողները դեռևս առաջին կուրսի երկրորդ կիսամյակից սկսում են անցնել պարտադիր մասնագիտական պրակտիկա, մինչդեռ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նման հնարավորություն հիմնականում տրամադրվում է միայն ավարտական կուրսում։
Այդ պայմաններում շատ ուսանողներ փորձում են լրացնել կրթական բացերը սեփական նախաձեռնությամբ՝ մասնակցելով լրատվամիջոցների և մասնագիտական ակադեմիաների կողմից կազմակերպվող կարճաժամկետ ծրագրերի, ակտիվ ներգրավվելով պրակտիկաներում կամ ստեղծելով սեփական մեդիա հարթակները սոցիալական ցանցերում։ Վերջին տարբերակը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինքնուրույն զբաղվել նորությունների լուսաբանմամբ և ձևավորել գործնական փորձ։
Սակայն մասնագիտական մարտահրավերները չեն սահմանափակվում միայն կրթական խնդիրներով։
Սոֆի Մկրտչյանի խոսքով՝ աշխատաշուկայի առավել զգայուն անակնկալներից մեկը կարող է լինել խմբագրական կամ քաղաքական դիրքորոշումների պարտադրումը լրագրողներին։
Երբ լրատվամիջոցի քաղաքական կամ խմբագրական շահերը սկսում են ուղղորդել լրագրողի աշխատանքը, վտանգվում են մասնագիտության հիմնարար սկզբունքները՝ օբյեկտիվությունը, արդարությունը, ազնվությունը և հանրային վստահությունը։ Նման միջավայրում լրագրողը հաճախ կանգնում է մասնագիտական արժեքների և աշխատանքը պահպանելու անհրաժեշտության միջև ընտրության առաջ։
Այս գործընթացի հետևանքներից մեկն էլ հանրային վստահության անկումն է տվյալ լրատվամիջոցի նկատմամբ, քանի որ լսարանը ժամանակի ընթացքում սկսում է նկատել բովանդակության կողմնակալությունը։
Մեկ այլ մարտահրավեր է թիրախավորված լրագրող դառնալու երևույթը։
«Հասարակության մի հատվածի մոտ դեռ պահպանվում է այն պատկերացումը, թե լրագրողի նպատակը որևէ կազմակերպության կամ անձի վնաս հասցնելն է, ոչ թե խնդիրը լուսաբանելը։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ կազմակերպությունների ղեկավարները խուսափել են տեղեկատվություն տրամադրել միայն այն պատճառով, որ վախեցել են լրագրողների ներկայությունից»,- նշում է Մկրտչյանը։
Այնուամենայնիվ, լրագրողական համայնքը սովորաբար համախմբվում է այն իրավիճակներում, երբ վտանգվում են մասնագիտական իրավունքները կամ լրագրողների անվտանգությունը։ Նման դեպքերում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են գալիս համատեղ հայտարարություններով և բարձրաձայնում խնդիրը՝ անկախ մրցակցային հարաբերություններից։
Այսպիսով, լրագրողական աշխատաշուկան նորավարտ մասնագետների առջև բացում է ոչ միայն հնարավորություններ, այլև բարդ մարտահրավերներ։ Իսկ համալսարանական կրթությունը, մասնագետների գնահատմամբ, դեռևս ամբողջությամբ չի ապահովում այն պատրաստվածությունը, որն անհրաժեշտ է այս իրողություններին դիմակայելու համար։