Համաձայն ACSES վերլուծական կենտրոնի կողմից կատարված Հայաստանի առողջապահության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքականության համառոտագրի՝ ՀՀ-ում ներդրվող առողջության համընդհանուր ապահովագրության մոդելը ներկայացվում է որպես սոցիալական առաջընթաց, սակայն դրա կառուցվածքը փաստացի նշանակում է նահանջ շուկայական տնտեսության սկզբունքներից և բարձր ռիսկեր՝ ոլորտի երկարաժամկետ կայունության համար։
Ընտրված մոդելի առանցքում մեկ միասնական պետական վճարողն է, որը սահմանում է ծառայությունների հատուցման չափերը և վերահսկում ֆինանսական հոսքերը։ Սա ձևավորում է մեկ գնորդ – բազմաթիվ մատակարարներ շուկա, որտեղ մրցակցությունը դառնում է ձևական, իսկ գները՝ վարչական որոշման արդյունք։ Այդ պայմաններում առողջապահությունը կորցնում է ներդրումային գրավչությունը, քանի որ շահութաբերությունը կախված է ոչ թե արդյունավետությունից, այլ քաղաքական կամքից։
Թեև մոդելը ձևակերպվում է որպես «բիսմարկյան», գործնականում այն կրում է «բևերիջյան» համակարգերի ամենախոցելի հատկանիշները՝ ցածր սակագներ և քաղաքական որոշումներից կախվածություն, սակայն առանց համապատասխան պետական ֆինանսավորման։ Արդյունքում վերահսկողությունը կենտրոնացվում է, իսկ ֆինանսական պատասխանատվությունը՝ ոչ։
Այս բացը փակվում է բուժաշխատողի հաշվին։ Պահանջարկի աճը և սակագների սահմանափակումը հանգեցնում են աշխատուժի հյուծման, իրական եկամուտների նվազման և որակի անկման։ Բժիշկը դառնում է ռեֆորմի լուռ սուբսիդիան։
Կարճաժամկետում սա կարող է ստեղծել հասանելիության պատրանք, սակայն միջնաժամկետում կձևավորվի դժգոհություն՝ հերթերի, համավճարների և որակի անկման պատճառով, որը անխուսափելիորեն կդառնա քաղաքական պատասխանատվության խնդիր։
Առողջապահության սոցիալական խնդիրները չեն լուծվում շուկան լռեցնելով։ Առանց կարգավորվող մրցակցության և կանխատեսելի ֆինանսավորման այս ռեֆորմը վտանգում է ոչ միայն ոլորտի զարգացումը, այլ նաև դրա նկատմամբ հանրային վստահությունը։