Բուժաշխատողները սոցիալական հարթակներում սկսել են ակցիա՝ արձագանքելով Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան-ի գրառմանը։ Թեև գրառումը կարճ ժամանակ անց հեռացվեց, այն արդեն հասցրել էր լայն արձագանք առաջացնել մասնագիտական համայնքում։
Խոսնակը իր հրապարակմամբ կասկածի տակ էր դրել բուժաշխատողների դժգոհությունների առկայությունը՝ հարցադրելով, թե ո՞վ է լիազորել երեք ՀԿ ներկայացուցիչների խոսել ՀՀ բոլոր բուժաշխատողների անունից։
Արձագանքելով այդ ձևակերպմանը՝ ֆլեշմոբի մասնակից բուժաշխատողները շեշտում են, որ նախաձեռնող խմբի բարձրաձայնած խնդիրները չեն սահմանափակվում առանձին անձանց դիրքորոշմամբ։ Դրանք վերաբերում են ոլորտի լայն շրջանակներին և արտացոլում են համակարգային ու իրական մտահոգություններ։
Հիշեցնենք, որ «Բուժաշխատողների նախաձեռնող խումբը» նախօրեին պաշտոնական նամակներ էր հանձնել ՀՀ Ազգային ժողով՝ դիմելով խորհրդարանական բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահին։ Խումբը պահանջում է կազմակերպել հանրային լսումներ համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի շուրջ առկա խնդիրների վերաբերյալ։
Նրանց պնդմամբ՝ նոր կարգավորումների հետևանքով մի շարք բուժաշխատողների աշխատավարձերը զգալիորեն նվազել են, իսկ որոշ դեպքերում խախտվել են մասնագիտական և սոցիալական իրավունքները։