Առողջապահական ապահովագրության ներդրման գաղափարը ինքնին հակասական չէ և միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն կարող է ծառայել որպես սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգի կայուն ֆինանսավորման արդյունավետ գործիք։ Սակայն Հայաստանի պարագայում քննարկման առանցքային հարցը ոչ թե ապահովագրության գաղափարն է, այլ այն մոդելը, որով այն առաջարկվում է իրականացնել։ Գործող քաղաքական միջավայրում և պետական կառավարման ներկա մշակույթի պայմաններում պետական ֆոնդերի ստեղծումը լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ կապված դրանց թափանցիկության, հաշվետվողականության և նպատակային օգտագործման հետ։
Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում կենտրոնացված պետական ֆինանսական կառույցները հաճախ չեն գործում որպես հանրային շահի սպասարկման մեխանիզմներ։ Դրանք աստիճանաբար վերածվում են փակ համակարգերի, որտեղ որոշումների ընդունման գործընթացը հասարակության համար անհասկանալի է, վերահսկողությունը՝ սահմանափակ, իսկ պատասխանատվության հստակ սահմանները՝ աղոտ։ Այս պայմաններում առողջապահության ոլորտում պետական մեծ ֆոնդի ստեղծումը կարող է ոչ թե լուծել առկա խնդիրները, այլ խորացնել համակարգային ռիսկերը։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման ֆոնդերը կարող են դառնալ ֆինանսական չարաշահումների և քաղաքական ազդեցության գործիք։ ANIՖ-ի օրինակը հաճախ է հիշատակվում որպես նախադեպ, երբ պետական կառույցը, ձևականորեն ունենալով զարգացման նպատակներ, գործնականում վերածվել է միջոցների անարդյունավետ օգտագործման և հանրային վստահության կորուստի խորհրդանիշի։ Նմանատիպ սցենարի կրկնության վտանգը առողջապահության ոլորտում կարող է ունենալ լուրջ հետևանքներ ոչ միայն բյուջեի, այլև բուժաշխատողների և քաղաքացիների համար։
Այս համատեքստում մասնավոր ապահովագրական մոդելի օգտին հնչող փաստարկները հիմնված են ոչ թե դրա իդեալական լինելու, այլ համեմատաբար ավելի կառավարելի և վերահսկելի լինելու վրա։ Մասնավոր համակարգում գործում են մրցակցային մեխանիզմներ, շահագրգռվածություն որակի պահպանման հարցում և շուկայի կողմից ձևավորվող վերահսկողություն, ինչը նվազեցնում է կենտրոնացված չարաշահումների հավանականությունը։ Հայաստանի ներկայիս իրողությունում խնդիրը կայանում է պետական կառավարման նկատմամբ վստահության խոր ճգնաժամի մեջ, ինչի արդյունքում ցանկացած պետական ֆոնդ ավտոմատ ընկալվում է որպես հնարավոր ռիսկ, այլ ոչ թե պաշտպանական մեխանիզմ։
Մինչ այդ վստահությունը չի վերականգնվել և համակարգային վերահսկողության իրական մեխանիզմներ չեն ներդրվել, առողջապահության ֆինանսավորման պետական կենտրոնացված մոդելները ավելի շատ վտանգներ են պարունակում, քան լուծումներ։ Ապահովագրությունը կարող է լինել լուծման մաս, սակայն միայն այն դեպքում, երբ դրա իրականացման մոդելը համապատասխանում է երկրի կառավարման իրական հնարավորություններին և հանրային վստահության մակարդակին։