Պետությունը արդյունավետ կառավարիչ չէ ոչ որակական, ոչ մոտիվացիոն, ոչ էլ շուկայական իմաստով, և սա գաղափարախոսական գնահատական չէ, այլ գործնական փորձից բխող արձանագրում։ Պետական համակարգերը չեն աշխատում մրցակցության պայմաններում, չունեն արդյունավետության բնական խթաններ և չեն կրել սեփական սխալների իրական ֆինանսական պատասխանատվությունը։ Երբ կառույցը չի սնանկանում վատ կառավարման դեպքում և չի շահում լավ կառավարման արդյունքում, այն պարզապես չունի որակ ապահովելու մոտիվացիա։
Շուկայական տրամաբանությամբ աշխատող ոլորտներում պետության ուղղակի մասնակցությունը գրեթե միշտ բերում է ծախսերի աճի, ծառայությունների որակի անկման և վերջնական հաշվով՝ հարկատուի վրա լրացուցիչ բեռի։ Պետական մոդելներում վնասները սոցիալականացվում են, իսկ սխալ որոշումների գինը վճարում է հանրությունը։ Մասնավոր համակարգում պատկերը հակառակն է․ վատ կառավարումը բերում է կորուստների, իսկ լավը՝ շահույթի, ինչը ինքնին կարգապահության մեխանիզմ է։
Հայաստանում դրա ամենապարզ և ամենախոսուն օրինակը մեքենաների ապահովագրությունն է։ Այդ ոլորտը տրված է մասնավորին, պետությունը կատարում է միայն ռեգուլյատորի դեր՝ սահմանելով խաղի կանոնները և վերահսկելով դրանց պահպանումը։ Արդյունքում համակարգը աշխատում է, ծառայությունները մատուցվում են առանց պետական ֆոնդերի ու առանց լրացուցիչ բեռ դառնալու հարկատուների համար։ Չկա կենտրոնացված պետական դրամապանակ, չկա քաղաքական ազդեցության լծակ, և չկա հանրային միջոցների կուտակում մեկ փակ կառույցում։
Սա ցույց է տալիս, որ այն գործառույթները, որոնք կարող է իրականացնել մասնավորը, պետությունը չպետք է իր վրա վերցնի։ Պետության դերը պետք է սահմանափակվի կարգավորմամբ, վերահսկողությամբ և մրցակցային դաշտի ապահովմամբ, այլ ոչ թե շուկայի ներսում խաղացող դառնալով։ Երբ պետությունը միաժամանակ և՛ խաղացող է, և՛ մրցավար, և՛ վճարող, համակարգը դառնում է անարդյունավետ, փակ և վտանգավոր։
Առողջապահության ապահովագրության պարագայում այս տրամաբանությունը կրկնակի կարևոր է, որովհետև խոսքը ոչ միայն ֆինանսների, այլ նաև բժշկական աշխատանքի արժեքի և որակի մասին է։ Մասնավոր ապահովագրությունը կարող է ունենալ խնդիրներ, բայց այն ունի շուկայի ինքնակարգավորման մեխանիզմներ, որոնք պետական համակարգում պարզապես գոյություն չունեն։ Քանի դեռ պետությունը շարունակում է փորձել անել այն, ինչ մասնավորը կարող է անել ավելի արդյունավետ, համակարգային ձախողումները լինելու են ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն։