ՀՀ Առողջապահության նախարար
Տիկին Անահիտ Ավանեսյանին
Հարգելի՛ տիկին նախարար,
Սույն գրությամբ դիմում եմ Ձեզ՝ բժիշկ-անեսթեզիոլոգների աշխատավարձերը գրեթե կիսով չափ կրճատելու որոշման կապակցությամբ։
Տվյալ բնույթի միջամտությունը հանդիսանում է աշխատողների սոցիալ-տնտեսական իրավունքների էական սահմանափակում և ենթակա է իրավաչափության, համաչափության և հիմնավորվածության սկզբունքների պահպանման։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորվում է աշխատանքի ազատությունը և արդար ու բավարար վարձատրության իրավունքը, իսկ 86-րդ հոդվածը պետության քաղաքականության հիմնական նպատակների շարքում սահմանում է առողջության պահպանության խթանումը։ Բացի այդ, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ և հարակից հոդվածներով նախատեսվում է, որ աշխատավարձի պայմանների փոփոխությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված ընթացակարգով, աշխատողի իրավունքների չվատթարացման սկզբունքի պահպանմամբ և իրավական հիմնավորմամբ։
Աշխատավարձի 50 տոկոս նվազեցումը՝ առանց հանրային ներկայացված տնտեսական հաշվարկների և ազդեցության գնահատման, կարող է հակասել`
• համաչափության սկզբունքին,
• սոցիալական պետության գաղափարին,
• աշխատանքային հարաբերությունների կայունության երաշխիքներին։
Հաշվի առնելով, որ բժշկական գործունեությունը անմիջականորեն առնչվում է կյանքի և առողջության պաշտպանության հետ, կադրային կայունության խաթարումը կարող է հանգեցնել`
• մասնագետների արտահոսքի պետական համակարգից,
• որակյալ բուժանձնակազմի պակասի,
• բուժօգնության որակի և հասանելիության նվազման,
• առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ թուլացման։
Խնդրում եմ`
1. Հրապարակայնորեն ներկայացնել նշված որոշման իրավական հիմքերը և համապատասխան նորմատիվ ակտերը,
2. Հրապարակել տնտեսական հիմնավորումը և ազդեցության համապարփակ գնահատումը,
3. Նախաձեռնել ոլորտային լայն մասնագիտական և հանրային քննարկում մինչև դրա գործնական կիրառումը։
Առողջապահական համակարգի կայունությունը և հանրային առողջության պաշտպանությունը չեն կարող ապահովվել բժշկական համայնքի սոցիալական իրավունքների կտրուկ սահմանափակման հաշվին։
Հարգանքով՝
Արման Միքայելյան