Պոլիկլինիկաներում սաբոտաժի են ենթարկում Փաշինյան Նիկոլի որոշումները:
Պետական հիմնարկում աշխատող, հետևաբար` համընդհանուր ապահովագրության շահառու- քաղաքացին որոշում է բժշկական զննություն անցնել: Խնդրում է հիմնարկի ղեկավարին, աշխատանքից շուտ է դուրս գալիս և այցելում «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի պոլիկլինիկա: Քանի որ առցանց հերթագրման համակարգն այդ պոլիկլինիկայում գրեթե չի գործում, քաղաքացին ժամանակ է կորցնում, «կենդանի» հերթ կանգնում և, ի վերջո, մտնում է իր ընտանեկան բժշկի մոտ: Բժիշկը համապատասխան ուղեգրեր է տալիս: Հետաքրքիրն այն է, որ հետազոտման թիրախը մեկն է, սակայն հետազոտումը պետք է կատարեն նույն հաստատության տարբեր բժիշկներ: Մեկն առաջին հարկում է աշխատում, մյուսը` երկրորդ, էն մյուսն էլ` երրորդ: Նրանցից յուրաքանչյուրի ընդունելության օրերը տարբեր են: Այսինքն, քաղաքացուն տրամադրվում է թվով 3 ուղեգիր տարբեր օրերի համար: Ստացվում է քաղաքացին ևս 3 օր պետք է չաշխատի: Դա էլ մի կողմ: Նշանակված օրը քաղաքացին այցելում է պոլիկլինիկա և պարզում, որ իրեն ընդունող բժիշկը չկա` հիվանդ է կամ, որոշ տեղեկություններով, ազատվել է աշխատանքից: Փոխարինող չկա: Ընտանեկան բժիշկը փոխվել է: Պոլիկլինիկայի ողջ աշխատակազմը երկարատև ժողովի է: Օրը վերջանում է: Վերջապես, աշխատանքային օրվա ավարտին, ավարտվում է նաև երկարատև ժողովը: Հայտնվում է մի բժիշկ, որի կարծիքով, քաղաքացին պետք է ևս մեկ կամ երկու (միգուցե` երեք, չորս, հինգ ...) օր աշխատանքի չգնա, մինչև «բժշկի հարցը լուծվի»: Այլ կերպ ասած` գա և գնա, գա և գնա, գա և գնա: Романтика.
Ժամանակին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կրճատվեցին ամանորյա տոնական օրերը, չեղարկվեցին «մեռելոցները»: Վերջինս հիմնավորում էր, որ մարդիկ պետք է աշխատեն, զարգացնեն տնտեսությունը: Փաստորեն, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի թողտվությամբ, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի պոլիկլինիկայի բժիշկները սաբոտաժի են ենթարկում Հայաստանի տնտեսությունը և Փաշինյան Նիկոլի դեմ են դուրս եկել:
ՀԳ. Արդարության համար նշեմ, որ Սուրբ Աստվածամայր պոլիկլինիկայում թվով 1 ադեկվատ բժիշկ, այնուամենայնիվ, կա:
Սկզբնաղբյուր