ՀՀ առողջապահության նախարարությունը ամիսներ առաջ կատարեց օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ հիվանդանոցների և այլ բժշկական կազմակերպությունների տնօրենների համար այլևս պարտադիր չէ բժշկական կրթություն ունենալը։ Փոփոխությունը հիմնավորվում էր այն տրամաբանությամբ, որ բժշկական հաստատությունը միայն բուժման վայր չէ, այլ նաև բարդ կառավարման համակարգ՝ ֆինանսական հոսքերով, մարդկային ռեսուրսներով և կազմակերպչական գործընթացներով։ Ըստ այդ մոտեցման՝ պրոֆեսիոնալ մենեջերը կարող է ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը, բարձրացնել ֆինանսական կայունությունն ու օպտիմալացնել ծառայությունները։ Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ՝ հենց այս օրենսդրական փոփոխության շրջանառությունից անմիջապես հետո 100 տոկոս պետական ենթակայության բժշկական կազմակերպությունների բազմաթիվ տնօրեններ մեծ արագությամբ ընդունվեցին կլինիկական օրդինատուրա՝ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում», «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։ Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որը ենթադրում է դասերի պարտադիր հաճախում։ Բայց ստացվում է, որ մեր «գերհզոր» տնօրենները միաժամանակ և՛ ղեկավարում են բժշկական կենտրոններ, և՛ սովորում են առկա համակարգում, իսկ նրանցից շատերը նաև ակտիվ քաղաքական գործունեությամբ են զբաղվում՝ հանդիսանալով ՔՊ ավագանու անդամներ և մասնակցելով նիստերի։ Այստեղ առաջանում են մի քանի շատ ուղիղ հարցեր․ Արդյո՞ք առողջապահության ազգային ինստիտուտը պարզապես դիպլոմներ է տրամադրում նույն նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկների տնօրեններին։ Եթե ուսուցումը իրական է և առկա, ապա ե՞րբ են նրանք հաճախում դասերին։ Իսկ եթե դասերին չեն հաճախում, ապա ինչպե՞ս են ստանում մասնագիտական որակավորում։ Եվ եթե աշխատանքային ժամերին զբաղված են ուսմամբ կամ քաղաքական գործունեությամբ, ապա ինչպե՞ս են արդարացվում նրանց միլիոնավոր դրամների աշխատավարձերը որպես տնօրեն։ Սա ռետորական գրառում չէ։ Սա ուղիղ հարց է համապատասխան իրավասու մարմիններին՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջապահության ազգային ինստիտուտին և վերահսկողական կառույցներին։
Սկզբնաղբյուրը