Վահագն Մխոյանը իր Ֆբ-յան էջում հրապարակել է՝
Հայաստանում շատ վաղուց ապահովագրական ընկերությունները տրամադրում են առողջության ապահովագրություն։ Ես 20 տարուց ավել օգտվել եմ այդպիսի ապահովագրությունից։ Այդ 20 տարվա ընթացքում գործ եմ ունեցել 3 տարբեր ապահովագրական ընկերությունների ու բազմաթիվ բուժհաստատությունների հետ։ Ու 20 տարվա ընթացքում այդ երեք ընկերության դեպքում էլ շատ պարզ սխեմա է աշխատել։
1․ Մարդն ընտրում է հիվանդանոցը։
2․ Եթե հիվանդանոցն արդեն իսկ համագործակցում է ապահովագրող ընկերության հետ, ապա կան հետևյալ տարբերակները․
ա) Մարդը նախապես տեղեկացնում է իր ապահովագրությանը, որ նրանք այդ հիվանդանոցին ուղարկեն իր դեպքով հատուցման մասին հաստատում։ Ինչից հետո այցելում է հիվանդանոց և այնտեղ վճարում միայն ծածկույթը գերազանցող գումարը։
բ) Մարդն այցելում է հիվանդանոց և այնտեղ տեղում ճշտում են ապահովագրության առկայությունն ու ծավալը, տեղում ստանում ապահովագրողից հատուցման հաստատում, ինչից հետո մարդը վճարում է միայն ծածկույթը գերազանցող գումարը։
գ) Մարդն այցելում է հիվանդանոց, կատարում բոլոր վճարումները, իսկ հետո բոլոր չեկերը, տեղեկանքները, էպիկրիզները և բուժմանը վերաբերող մյուս փաստաթղթերը տրամադրում իր ապահովագրականին՝ պահանջելով հատուցում։
3․ Եթե հիվանդանոցը չի համագործակցում տվյալ ապահովագրականի հետ, ապա 2-րդ կետի գ) ենթակետը։
Վերջ։ Պարզ, հստակ, հասկանալի ու հարմար։ Սակայն ինչո՞ւ "պետական պարտադիր ապահովագրություն" ներմուծելիս յուրացնել 20 և ավել տարվա առկա հաջողված ու հարմար փորձը, եթե կարելի է դժոխքի վերածել և հիվանդների, և բժիշկների կյանքը, եթե կարելի է հիվանդների միջև սեգրեգացիա խրախուսել ու VIP-հաճախորդների կաստաներ ձևավորել, եթե կարելի է հիվանդներին շաբաթներով ու ամիսներով սպասեցնել, իսկ վերջում էլ մեկ է, վճարովի ծառայություններ մատուցել։
Սկզբնաղբյուր