«Երևան» բժշկագիտական կենտրոնում վնասվածքաբանության բաժնի նորանշանակ վարիչ Խաչատուր Հարությունյանը բուժքույրերին դրդում է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Այդ մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են բուժաշխատողները։ Նրանց խոսքով՝ 5-6 բուժքույր կարող են զրկվել աշխատանքից։
Բուժքույրերը նշել են, որ այս հիվանդանոցում աշխատում են շուրջ 30 տարի՝ անցնելով նաև COVID-19-ի համավարակի և 44-օրյա պատերազմի ծանր ժամանակահատվածներով։
Նորանշանակ վարիչը «Երևան» ԲԳԿ է տեղափոխվել «Միքայելյան» Վիրաբուժության Ինստիտուտից։ Բուժքույրերը պնդում են, որ նա ցանկանում է իրենց փոխարեն աշխատանքի ընդունել իր նախկին աշխատակիցներին։
«Մեզ որևէ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու պետք է հեռանանք մեր 30 տարվա աշխատավայրից»,- NEWS.am Medicine-ին ասել է բուժքույրերից մեկը։
Սա, նրանց խոսքով, առաջին նման դեպքը չէ «Երևան» ԲԳԿ-ում։ Նրանք հիշեցրել են, որ 2022 թվականին ևս նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել, երբ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխված նոր ղեկավարությունը, ստիպում էր աշխատակացնիրեին ազատման դիմումներ գրել։
Բուժքույրերի փոխանցմամբ՝ նման ճնշումների են ենթարկվում նաև մի շարք բժիշկներ, որոնց ևս դրդում են սեփական դիմումով ազատվել աշխատանքից։
«Այս պահին արդեն մի քանի բժիշկ դիմում են գրել և հեռացել հիվանդանոցից»,- NEWS.am Medicine-ին ասել է բուժքույրերից մեկը։
Նրա խոսքով՝ փոփոխություններ են կատարվում նաև բուժքույրական անձնակազմում։
«Ավագ բուժքույրերին ասում են՝ դիմում գրեք, որպեսզի ձեզ տեղափոխենք սովորական բուժքրոջ հաստիքի»,- պատմել է բուժաշխատողներից մեկը։
Խաչատուր Հարությունյանը, սակայն, NEWS.am Medicine-ի հետ զրույցում չընդունեց իրեն ներկայացվող մեղադրանքները, ասաց, որ “պաշտոնապես հերքում է” այդ տեղեկությունները։
Նյութը վերցված է News.am-ից։ Սկզբնաղբյուր ՝ Հղում