Հայաստանի պարենային շուկայում շարունակվում է բարձրաձայնվել ցորենի որակի խնդիրը, սակայն օրենսդրական և վերահսկողական հստակ մեխանիզմների բացակայությունը թույլ է տալիս, որ ցածրորակ հումքը հասնի սպառողի սեղան։ Խոսքը հատկապես 4-րդ կարգի ցորենի մասին է՝ հացահատիկ, որն ըստ որակավորման դասվում է սահմանային կատեգորիայի մեջ և նախատեսված է հիմնականում խառը ալյուրի, անասնակերի կամ տեխնիկական արտադրության համար։
4-րդ կարգի ցորենը ունի նվազագույն սննդարար պոտենցիալ․ ցածր որակ, բարձր խոնավություն, երբեմն՝ բորբոսային ախտահարում։ Այսպիսի հումքը, եթե պահվում է ոչ պատշաճ պայմաններում, կարող է կուտակել տոքսիններ՝ նյութեր, որոնք երկարաժամկետ օգտագործման դեպքում առաջացնում են քրոնիկ թունավորումներ, մարսողական խանգարումներ և իմունային համակարագի թուլացում։ Այնուամենայնիվ, իրականում այն հաճախ խառնվում է բարձրորակ ալյուրին՝ արտադրական ծախսերը նվազեցնելու նպատակով։
Խնդրի արմատը գտնվում է վերահսկողության մեխանիզմներում։ Թեև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը պահանջում է որակային փորձաքննություն, գործնականում լաբորատոր ստուգումները ձևակա՞ն են։Ներմուծված հումքի ծագումն ու պահպանման պայմանները արդյոք պատշա՞ճ են վերահսկվում, արդյո՞ք սպառողը բավարար ստանում է որևէ տեղեկատվություն՝ ինչ կարգի ցորենից է պատրաստվել իր հացը։ Արդյունքում՝ տնտեսվարողները կարող են օգտվել այս թափանցիկության բացից։
Այս իրավիճակը ցույց է տալիս սահմանափակ պետական վերահսկողություն և թերարժեք սպառողական իրավագիտակցություն։ Մինչ տարածաշրջանային երկրները խստացնում են հացահատիկի շրջանառության կանոնները, Հայաստանում շարունակում է գործող ոչ հստակ մշակույթ՝ «ինչ կա՝ օգտագործում ենք» տրամաբանությամբ։ Սա վտանգավոր է մեկ պատճառով՝ հացը հարյուրավոր հազարավոր մարդկանց ամենօրյա սնունդն է, և յուրաքանչյուր թերացում կարող է դառնալ լայնածավալ առողջական խնդրի նախադուռ։
Այսօր անհրաժեշտ է պարտադիր լաբորատոր ստուգում ներմուծման պահին, պիտակավորման տրամաբանության փոփոխություն՝ պարտադիր նշումով, ուժեղացված վերահսկողություն Տեսչական մարմնի կողմից և վերջապես՝ հանրային կրթություն։ Առանց համակարգային մոտեցման, ցածրորակ հացահատիկի խնդիրը կշարունակի անտեսանելիորեն վնասել հասարակության աոռղջությունը։