2026-ից Հայաստանում ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության մոդելը ձևականորեն ներկայացվում է որպես «բիսմարկյան», սակայն իր բովանդակությամբ այն ավելի շատ վարչականորեն կառավարվող միակ վճարողի համակարգ է՝ մրցակցության և սոցիալական համերաշխության բացակայությամբ։
Օրենքով բոլոր առանցքային լիազորությունները կենտրոնացվել են մեկ հիմնադրամի ձեռքում՝ ապահովագրավճարների հավաքագրումից մինչև բժշկական ծառայությունների և դեղերի հատուցման առավելագույն գների սահմանում։ Արդյունքում շուկայում ձևավորվում է վտանգավոր անհավասարակշռություն․ մեկ խոշոր գնորդ և բազմաթիվ վաճառողներ, որոնք զրկված են գների շուրջ իրական բանակցելու հնարավորությունից։
Ավելին՝ բժշկական հաստատություններին թույլատրվում է սահմանել ծառայությունների գներ, որոնք կարող են մինչև երկու անգամ գերազանցել պետության սահմանած հատուցման չափը։ Այդ տարբերությունը վճարում է բուժառուն։ Փաստացի սա նշանակում է, որ «ապահովագրության» պայմաններում քաղաքացին շարունակում է վճարել գրպանից՝ օրինականացված համավճարի միջոցով։
Այս մոդելը խաթարում է ապահովագրության հիմնական գաղափարը՝ պաշտպանել քաղաքացուն ֆինանսական ռիսկերից։ Փոխարենը այն ստեղծում է ստվերային վճարումների աճի, ծառայությունների որակի անկման և բուժհաստատությունների ֆինանսական անկայունության ռիսկեր։
Չնայած փուլային ներդրմանը՝ 2026 թվականին համակարգը լավագույն դեպքում կծածկի առողջապահական ընդհանուր ծախսերի մոտ 23%-ը, ինչը ցածր է բոլոր համեմատելի երկրների ցուցանիշներից։ Մնացած բեռը կրկին մնում է քաղաքացիների վրա։
Առանց մրցակցային մեխանիզմների, բավարար ֆինանսավորման և սոցիալական համերաշխության հստակ սկզբունքի՝ այս «համընդհանուր ապահովագրությունը» վտանգում է վերածվել ոչ թե սոցիալական պաշտպանության գործիքի, այլ պարտադիր վճարի, որի դիմաց պետությունը չի երաշխավորում որակ, հասանելիություն և կայունություն։
Աղբյուր՝ ACSES վերլուծական կենտրոնի կողմից կատարված Հայաստանի առողջապահության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքականության համառոտագիր