Ժամանակի առաջընթացին զուգընթաց ուսանողների համար բարդանում է աշխատաշուկա մտնելու գործընթացը։ Պատճառներից մեկը համալսարանական տարիներին հիմնականում տեսական գիտելիքներ ստանալն է։
- Ակադեմիական կրթությունն ինձ ապահովել է մեծ մասամբ տեսական գիտելիքներով, իսկ աշխատաշուկան ինձնից փորձ է պահանջում։
4-րդ կուրսի ուսանողուհի
Պետական բուհերում ուսանողներին պրակտիկա անցնելու հնարավորությունն ընձեռվում է միայն 4-րդ կուրսի վերջին կիսամյակում, որը սովորաբար չի բավականացնում նորավարտ մասնագետին աշխատանքի անցնելիս։ Ապագա աշխատակցի թեկնածությունը հաշվի առնելիս՝ գործատուների գլխավոր պահանջներից է 2–3 տարվա աշխատանքային փորձի առկայությունը, որն ապահովելն իրատեսական չէ նորավարտ մասնագետի պարագայում։ Ի՞նչ է սա, եթե ոչ փակ օղակ։
Սակայն դասախոսները համաձայն չեն ուսանողների հետ, քանի որ 4-րդ կուրսի պրակտիկայի ընթացքում, կիրառելով իրենց ստացած տեսական գիտելիքները գործնականում, նրանք արդեն իսկ դառնում են պատրաստ աշխատաշուկայի պահանջներին։ Ուսանողների պնդմամբ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար պրակտիկան իրենց հարկավոր է ոչ միայն 4-րդ կուրսի վերջին կիսամյակում, այլ ուսանողական տարիների ընթացքում։
Ինչպես նշում է երրորդ կուրսի ուսանողուհին՝
- Եթե համալսարաններն ունենային բավարար ռեսուրսներ, ուսանողների ակադեմիական կրթությունն ապահովելու հետ մեկտեղ գործընկեր կազմակերպություններում իրենց բավարար պրակտիկան ապահովելու ըստ առաջադիմության, ապա խնդիրը կվերանար։ Այդ պարագայում սովորելու ցանկությունը կմեծանար, քանի որ ուսանողները կպայքարեին ամենալավ ընկերություններում պրակտիկա անցնելու համար։
3-րդ կուրսի ուսանողուհի
Աշխատաշուկայում մրցունակ դառնալու առանց այն էլ խրթին ուղին ավելի է բարդացնում ԱԲ-ի զարգացումը։ Ժամանակի ընթացքում մեծ առաջընթաց գրանցելով՝ ԱԲ-ն կարծես սպառնալիք դառնա նորավարտ մասնագետների կարիերայի ճանապարհին: Արդյո՞ք այն կփոխարինի սկսնակ մասնագետներին, թե կդառնա գործիք նրանց ձեռքերում, դեռ պարզ չէ։ ԱԲ-ի մասնագետները փաստում են, որ մոտ ապագայում այնպիսի մասնագիտություններում, ինչպիսիք են թարգմանչությունը և հաճախորդների սպասարկումը ԱԲ-ն կփոխարինի մարդուն։
Այսպիսով՝ նորավարտ մասնագետները շարունակում են տառապել աշխատանքային փորձի պակասից, իսկ ԱԲ-ի վարած ռազմավարությունը շարունակում է մնալ անորոշ։
Հեղինակ՝ Մարի Մեսրոպյան