Շուրջ 15 օր է, ինչ Արգել գյուղական համայնքում և հարակից տարածքներում, գարնանը տնկած ծառերը ջրի բացակայության պատճառով չորանում են։ Չնայած ծառերի չորացմանը նպաստող այլ նախադրյալներին, որոնք են՝ շոգ եղանակը, ծառերի զգայունությունը արևի նկատմամբ, քամոտ տարածքը, կլիմայական աննորմալ պայմանները և մկների առկայությունը, ոռոգման ջրի բացակայությունը ավելի է սրում իրավիճակը՝ նպաստելով բերքի քչացմանը։
Գյուղատնտեսական շահագործման հողատարածքները՝ պտղատու այգիները, բանջարաբոստանային կուլտուրաները և ոչ միայն, չորացման վտանգի տակ են։ Գյուղացիները նկատել են՝ հողը սկսել է ճաքճքել, տերևները՝ թոռոմել, չորանալ և թափվել։ Ինչպես կարելի է ենթադրել, 15 սմ խորության վրա հողն արդեն իսկ կորցրել է խոնավությունը։ Այսպիսով՝ հողին է հավասարվել գյուղացիների ներդրած ժամանակը, էներգիան ինչպես նաև ֆինանսական ռեսուրսները։ Ըստ տեղի բնակիչների, ջրի բացակայության գլխավոր պատճառը ջրի փականի վթարված լինելն է։
Ցավոք սրտի, վթարի մանրամասները դեռ պարզ չեն։ Սակայն, ամենատխուրը թերևս այն փաստն է, որ խնդրի լուծման համար դեռևս ոչ մի բան չի նախաձեռնվել։ Գյուղի բնակիչներն անորոշության մեջ են, սպասում են ջրի վերաբերյալ նորության։
«Ո՛չ ջուր կա, ո՛չ էլ նորություն, թե երբ կլինի։», - նշում են բնակիչները։
Հեղինակ՝ Մարի Մեսրոպյան