Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում ավելի քան երեք օր շարունակ ծորակից պղտոր ջուր է հոսել։ Ջուրը տեսանելիորեն աղտոտված է եղել և պիտանի չի եղել խմելու կամ կենցաղային օգտագործման համար։ Բնակիչները ստիպված են եղել մաքուր ջուր գնել՝ առօրյա կարիքները հոգալու համար։
Խնդրի մասին իր բլոգում տեսանյութով բարձրաձայնել է լրագրող, վերլուծաբան և բլոգեր Լիլիթ Մուրադյանը։ Տեսանյութի մեկնաբանություններից պարզ է դարձել, որ խնդիրը միայն մեկ տան կամ ընտանիքի չի վերաբերել․ նույն իրավիճակին բախվել են գյուղի բազմաթիվ բնակիչներ։
«Դժվարությամբ «Վեոլիա ջուր» կազմակերպության հետ կապ հաստատելուց հետո միայն «համացանցի ուժով» հաջողվեց արագ կազմակերպել փորձաքննություն և պարզել՝ արդյոք ջրի մեջ առկա են վարակներ, թե ոչ»,- ասում է Լիլիթ Մուրադյանը։
Նմուշառում իրականացրած մասնագետի պարզաբանմամբ՝ օրերս մարզում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է բնակիչներին ջուր մատակարարող խողովակաշարերից մեկը։ Վթարից հետո սկսվել են ջրի մաքրման աշխատանքները, և այժմ ջուրը տեսանելիորեն մաքուր է։
Մասնագետների գնահատմամբ՝ այս փուլում ջուրն այլևս առողջության համար վտանգավոր չէ։ Այնուամենայնիվ, բնակիչները շարունակում են խուսափել ծորակի ջրից, քանի որ մաքրման գործընթացը դեռ ամբողջությամբ չի ավարտվել։
Լիլիթ Մուրադյանի համոզմամբ՝ «Վեոլիա ջուր»-ը պետք է առնվազն ժամանակին տեղեկացներ բնակիչներին տեղի ունեցած վթարի մասին և զգուշացներ՝ մինչև ջրամատակարարման համակարգի մաքրման աշխատանքների ավարտը խուսափել ծորակի ջուրն օգտագործելուց։
Ոսկեհատի դեպքը մեկ այլ հարց էլ է բարձրացնում՝ որքանո՞վ են բնակիչները ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացվում ջրամատակարարման համակարգում տեղի ունեցող վթարների և դրանց հնարավոր հետևանքների մասին։
Հեղինակ՝ Մարի Մեսրոպյան