Սեպտեմբերի 15-ին Կինոյի տանը կայացավ «Ձայն բնության» ֆիլմ-դիմանկարի պրեմիերան, որը պատմում է կոմպոզիտոր Արամ Սաթյանի կյանքի, ստեղծագործական ճանապարհի և արվեստի ձևավորման մասին։
Ա1+-ի պատրաստած ֆիլմում Սաթյանի պատմությունը ներկայացվում է նրա կյանքի կարևոր մարդկանց ու իրադարձությունների միջոցով՝ առաջին ուսուցիչներից և ընկերներից մինչև այն միջավայրը, որն իր ազդեցությունն է ունեցել կոմպոզիտորի ստեղծագործական մտածողության ձևավորման վրա։
Արամ Սաթյանը Սաթյանների երաժշտական գերդաստանի երրորդ կոմպոզիտորն է։ Երաժշտության հանդեպ սերն ու մասնագիտական առաջին ազդակները նա ստացել է ընտանիքից՝ հորեղբոր՝ կոմպոզիտոր Աշոտ Սաթյանից և հոր՝ Արամ Սաթունցից։
Ֆիլմի պրեմիերայի ընթացքում հնչեցին նաև Սաթյանի արվեստին ու մարդկային կերպարին վերաբերող գնահատականներ։ Պատվավոր հյուրերից մեկը նրան դիմեց հետևյալ խոսքերով․ «Միտքդ՝ պայծառ, գիրդ՝ անսպառ, շարունակի՛ր այդպես»։
Մեկ այլ հյուր, անդրադառնալով ֆիլմի գաղափարին, ընդգծեց, որ Ա1+-ին հաջողվել է փոխանցել մի կարևոր միտք՝ Արամ Սաթյանի կյանքը նաև մարդու՝ մենակ չմնալու և մյուսին հասկանալու մասին է։
Սաթյանի ստեղծագործական ճանապարհի կարևոր փուլերից մեկը կրթությունն էր։ Նա սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Հետագայում նա դարձել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի առաջին ուսանողը։
Տարիներ շարունակ Սաթյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ իր փորձն ու գիտելիքը փոխանցելով հաջորդ սերնդին։
Պրեմիերայի ընթացքում առանձնահատուկ էր նաև երիտասարդ հանդիսատեսի ներկայությունը։ Սաթյանը դա կապեց ժամանակակից սերնդի հետ իր ներքին կապի հետ․ «Ես ներքուստ երիտասարդ եմ, և ժամանակակից սերունդը զգում է դա»։
«Ձայն բնության»-ը Արամ Սաթյանի մասին պատմող ֆիլմ է, բայց միաժամանակ նաև նրա ժամանակի, մարդկանց և այն միջավայրի մասին, որի մեջ ձևավորվել է նրա արվեստը։
Հեղինակ՝ Մարի Մեսրոպյան
Ա1+-ի համար նման ֆիլմ-դիմանկարները հայ մշակույթի կարևոր դեմքերին անդրադառնալու և նրանց ստեղծագործական ժառանգությունը նոր լսարանին ներկայացնելու հնարավորություն են։ «Ձայն բնության»-ը այդ շարքի առաջին պատմությունը չէ և, ինչպես նշում է Ա1+-ը, վերջինը նույնպես չի լինելու։